06/12/2017 15:46
Ռադայի մոտ Սաակաշվիլիին բռնելու փորձի ժամանակ 13 մարդ է տուժել
Երկու քաղաքացիական անձ և 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիևում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով, Twitter-ում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են իրավապահ մարմինների 11 աշխատակիցներ և երկու քաղաքացիական անձ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կիևի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը հայտնել էր տասը տուժածների մասին, որոնցից չորսը ոստիկաններ էին, վեցը՝ քաղաքացիական անձինք:
«Ակտիվիստներն սկսեցին հրահրել ոստիկանությանը, հարձակվել իրավապահների վրա, ուստի կիրառվեց արցունքաբեր գազ և տեղի ունեցավ ընդհարում: Արդյունքում մենք տեղեկատվություն ունենք վնասվածքներ ստացած չորս ոստիկանների և տուժած վեց քաղաքացիու վերաբերյալ», - ասել է նա NewsOne հեռուստաալիքի եթերում:
Բլիշչիկը նաև հայտնել է, որ բողոքավորների մի մասը գտնվում է խորհրդարանի մերձակա վրանաճամբարի տարածքում, իսկ մահակներով ու փայտերով զինված մյուս մասը՝ «Կիև» հյուրանոցի նախասրահում:
Երեքշաբթի Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին 24 ժամվա ընթացքում պետք է կամավոր ներկայանա իրավապահ մարմիններին, այլապես նրա հետևից կգան ոստիկանության աշխատակիցները: Այսօր առավոտյան Կիևի ոստիկանության աշխատակիցները Սաակաշվիլիին բերման ենթարկելու փորձ են արել Գերագույն ռադայի մերձակա վրանաճամբարում, բայց բախվել են բողոքավորների հակահարվածին ու նահանջել: