06/12/2017 14:41
1988-ին պարզապես մարդկանց բախտը չբերեց. երկրաշարժ, Արցախյան պատերազմ, վատ կառավարիչներ. Վահան Թումասյան
Վաղը լրանում է 1988 թվականին Հայաստանում գրանցված երկրաշարժի 29 տարին։ Երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռ 2300 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասաց, թե ըստ վիճակագրական տվյալների, այս պահին Գյումրի քաղաքում աղքատության ցուցանիշը 47 տոկոս է, շուրջ 2000 ընտանիք ապրում է վագոն-տնակում, շուրջ 300 ընտանիք էլ՝ կիսաքանդ հանրակացային շենքերում, որոնց պայմանները ավելի վատն են, քան՝ վագոն-տնակներինը։
«Շատ ծանր իրավիճակ ստեղծվեց այդ շրջանում և մարդկանց բախտը չբերեց մի քանի առումով, քանի որ և՛ Խորհրդային միության փլուզումը համընկավ, և՛ Արցախյան պատերազմը, և՛ երկրաշարժը։ Դրանից հետո անփորձ և վատ կառավարիչներ եկան, չկարողացան այդ խնդիրը լուծել», - ասաց Թումասյանը։
Իսկ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, տարիների ընթացքում չլուծվելով, բարդություններ է առաջացրել.
«Հիմա աղետի գոտում, մասնավորապես, Գյումրիում, անօթևանության խնդիրը մեծ է, որը կազմում է մոտ 2300 ընտանիք, նրանցից մոտ 1000-ը երկրաշարժի անմիջական հետևանքով է անօթևան դարձել, մյուսները՝ երկրաշարժի ոչ անմիջական»։
Դիտարկմանը, թե հաճախ պատասխանատու մարմինները անօթևանության մեջ մեղադրում են հենց բնակիչներին՝ ասելով, որ նրանցից շատերը ստացել են բնակարաններ, սակայն չեն տեղափոխվել, վաճառել են այն և այլն, Վահան Թումասյանն արձագանքեց.
«Այդ հարցում մեղադրել հասարակությանը, նույնն է, թե համաճարակի ժամանակ մեղադրես մարդկանց՝ դրանով վարակվելու համար։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ վաճառում են, գնում են տնակներ, այն պատճառով, որ հազար ու մի պարտք են ունենում, աշխատանք չկա, գոյատևման միջոց չկա։ Իսկ հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի տարիներին այդ ընտանիքներից շատերը մեծ ընտանիք են եղել, ժամանակի ընթացքում կիսվել են, իսկ հետագայում պետությունը տրամադրել է այնքան մակերեսով բնակարան, որքան երկրաշարժի ժամանակ կորցրել է տվյալ ընտանիքը»։
Թումասյանի խոսքով՝ անօթևանության խնդիրը չլուծելով՝ մեծանում է գործազրկության և արտագաղթի թիվը.
«Աղետի գոտին այժմ ավելի ծանր է նրանով, որ մասսայական աղքատություն է տիրում, պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է 47 տոկոսի»։
Մեղավորներ, ըստ Վահան Թումասյանի, պետք է փնտրել երկու դաշտում. «Պարզապես բախտներս չբերեց աշխարհաքաղական հարցում ու նաև՝ իշխանությունների»։
Իսկ հասարակությանը, Թումասյանի խոսքով, պետք է մեղադրել այն հարցում, որ այս հասարակության ներկայացուցիչներն են իշխանավորները և կառավարիչները։
Վերջում, Վահան Թումասյանն ասաց, թե այս տարվանից տարբեր ֆոնդեր, հայտնի բարեգործական կազմակերպություններ պատրաստվում են այս կամ այն կերպ նշել երկրաշարժի 30-ամյա տարելիցը։ «Ես իրենց կոչ եմ անում այդ միջոցները չվատնեն, դրանք ուղղեն աղետի գոտի՝ աղքատության հետևանքների վերացմանը», - ասաց նա:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, և սա շարունակական տվյալ է։ Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը:
Նույն տվյալների համաձայն, Գյումրիում երեխաների կեսից ավելին աղքատ է:
Լուսանկարները՝ «Շիրակ» կենտրոնի էջից