07/12/2017 14:29
Պաղեստինը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել հասնել ԱՄՆ կողմից Երուսաղեմի որոշման չեղարկմանը
Պաղեստինը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել հասնել Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման չեղարկմանը: Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ ԱԽ ուղարկված նամակում պաղեստինյան պատվիրակությունն ամերիկյան վարչակազմի այս քայլը որակել է «միակողմանի և սադրիչ», փոխանցում է ТАСС-ը:
«Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում այս ծայրահեղ կարևոր խնդրով անհապաղ զբաղվել և արագ գործել իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաև իր բանաձևերի անխախտելիությունն ու հեղինակությունը պաշտպանելու համար: Միջազգային հանրությունը պետք է հաստատի Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր հստակ իրավական դիրքորոշումը, հաստատի այդ կարգավիճակի ցանկացած խախտման անընդունելիությունը՝ ում կողմից և երբ էլ լինի, ինչպես նաև պահանջի որոշման չեղարկում», - գրել է Պաղեստինի գործերի հավատարմատար Ֆեդա Աբդել Հադի Նասերը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հստակ ազդանշան ուղարկել», որ ԱԽ բանաձևերը ուժի մեջ են մնում: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ որոշումը «միայն կխրախուսի Իսրայելի հակաիրավական քաղաքականությունը: Նա նախազգուշացրել է, որ սա տարածաշրջանին սպառնում է լարվածության աճով և «հեռուն գնացող հետևանքներով», ներառյալ «քաղաքական-տարածքային հակամարտության անվերջանալի կրոնական պատերազմի վերափոխմամբ», որից կօգտվեն ծայրահեղականները:
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԽ 8 անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը և Ֆրանսիան, խնդրել են արտահերթ նիստ անցկացնել ամերիկյան կողմի որոշումը քննարկելու համար: