07/12/2017 15:47
Անփոխարինելի անձեր չկան. Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանին արտաքին քաղաքականության մեջ փոխարինողների մասին
Թերահավատորեն եմ վերաբերում ցանկացած հարցումների, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի անցկացրած հարցմանը, որի արդյունքներով հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան՝ վարչապետինը:
Ռուստամյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ գուցե հարցումը նպատակ ունի հող նախապատրաստել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու համար:
«Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ: Ի՞նչ հող պետք է նախապատրաստեն այն էլ հարցումներով: Ինչո՞ւ հարցումներով են հող նախապատրաստում, հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են», - նկատեց նա:
Ռուստամյանը համաձայն չէ պնդման հետ, թե վարչապետի վարկանիշն ընկել է՝ ասելով, որ գուցե ի սկզբանե կառավարությունից ակնկալիքներն ավելին էին, բայց այս ընթացքում կառավարությունը լավ ցուցանիշներ է ցույց տվել:
Դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին՝ Ռուստամյանը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան.
«Խորհրդարանական համակարգը ենթադրում է այդ առումով թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը և համարում եմ, որ նոր ձևավորվող արտաքին քաղաքականության ուղղությունները և այն թիմը, որը դրանով պետք է աշխատի, պիտի նաև ավելացնի այն ձեռքբերումները, որոնք դաշտում գոյություն ունեն ու նոր շնչառություն հաղորդի դրանց», - հավելեց նա:
Ճգրտող հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կարող է արտաքին քաղաքականության մեջ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանն ասաց. «Ես նորից եմ կրկնում անփոխարինելի անձեր չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել: Բոլորն էլ կարող են բոլորին փոխարինել, եթե սիրում են իրենց հայրենիքը և ունեն համապատասխան գիտելիքներ, այդ դաշտում անփոխարինելի մարդիկ չկան»,- ասաց նա: