07/12/2017 13:08
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ. Շիրակ Թորոսյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժի ունենալ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով երեկ Վիեննայում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
«Ես թերահավատորեն եմ մոտենում սրան, որովհետև Ադրբեջանը դեռ պետք է մարսի նոր իրավիճակն ու իր վրա զգա Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանքները: Կարծում եմ, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի միջազգային հանրության ճնշման և հայկական կողմի կարծր դիրքորոշման ներքո Ադրբեջանն աստիճանաբար տեղափոխվի առավել կառուցողական դաշտ», - ընդգծեց նա:
Թորոսյանը նշեց, որ առայժմ անհնար է հակամարտության կարգավորման շոշափելի արդյունքներ ակնկալել՝ ընդգծելով, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաև միջազգային երեք իրավական սկզբունքների զուգորդմամբ.
«Սա է Արցախյան հակամարտության հարցում հայկական դիվանագիտության գաղափարական մեխը, և սա է հենց այն, ինչ ընկալվում է միջազգային հանրության կողմից, և այն, ինչն Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել», - հավելեց նա: