12/12/2017 15:56
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35 հզր եվրո փոխհատուցել Շահումյանից տեղահանված Սարգսյանի ընտանիքին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մեծ պալատը (Grand Chamber) այսօր հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» (Sargsyan v. Azerbaijan) և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» (Chiragov and Others v. Armenia) գործերով վերջնական որոշումը:
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջին գործի դեպքում պարտավորեցրել է Ադրբեջանին երեք ամսվա ընթացքում Սարգսյանների ընտանիքին վճարել 5000 եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Իսկ մյուս՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Մեծ պալատը վճռել է պարտավորեցնել Հայաստանին 3 ամսվա ընթացքում վճարել 5000 եվրո յուրաքանչյուր հայցվորին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար։
ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է միայն փոխհատուցման վերաբերյալ վերջնական որոշումը, իսկ այս գործերով ՄԻԵԴ-ը վճիռը հրապարակել էր դեռ 2015-ին:
Մասնավորապես, 2015-ին երկու գործերով հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։
«Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով հայցվոր է 6 ադրբեջանցի փախստական, որոնք իրենց հայցում նշել են, որ չեն կարողանում վերադառնալ Լաչինում գտնվող իրենց բնակարաններ:
Իսկ մյուս՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցվորը Մինաս Սարգսյանն է եղել, որը ադրբեջանական հարձակման հետևանքով ստիպված է եղել հեռանալ Շահումյանի իր բնակարանից: Մինաս Սարգսյանը մահացել է 2009-ին, և այժմ իրավահաջորդ են նրա ժառանգները: