12/12/2017 15:50
Վարչապետի թեկնածության հարց «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, իսկ կառավարության քննադատությունները ինքնանպատակ չեն. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)
Վարչապետի թեկնածության հետ կապված հարց «Ծառուկյան» խմբակցության քաղաքական օրակարգում այս պահին չկա, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Դիտարկմանը, հնարավոր է արդյոք, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի «Ելք»-ի հետ ու առաջադրի միասնական թեկնածու, պատգամավորն ասաց.
«Որևէ քննարկում այս պահին այդ թեմայով չկա։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահն է, կուսակցության նախագահը, և երբ պահը հասունանա, լինեն քննարկումներ, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այդ որոշումը կկայացվի»։
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սուր քննադատությունների են ենթարկում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը, արդյոք սա թու՞յլ է տալիս ենթադրել, որ իրենք 2018-ին վարչապետի պաշտոնում ավելի արդյունավետ ղեկավար տեսնում են Սերժ Սարգսյանին, Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ պատգամավորների քննադատությունները երբեք չեն եղել ինքնանպատակ։
««Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից հնչող քննադատությունները երբեք չեն եղել ինքնանպատակ կամ պարզապես կրակոցներ օդի մեջ։ Այդ բոլոր ելույթները եղել են հիմնավորված, փաստարկներով և բոլոր այս մտահոգությունները բխում են մեր ազգաբնակչության խնդիրներից, արտագաղթի ահագնացող տեմպերից, սոցիալական վատ վիճակից, գնաճից և այլն», - հավելեց նա։
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ելք»-ը բանակցություններ է սկսել « Ծառուկյան» դաշինքի հետ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու համար։