12/12/2017 16:25
Հայաստանում անցկացվելու է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը
Դեկտեմբերի 13-ից 18-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի, ՀՀ-ում ԳԴՀ, ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացնելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 13-ին Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա միջազգային սեմինար «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով, իսկ դեկտեմբերի 16-ին՝ այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա խոհրդաժողով` ՄԱԿ-ի ԱԽ Կանանց, խաղաղությանը և անվտանգությանը նվիրված 1325 բանաձևի կիրառման մասին: