12/12/2017 16:46
ՄԱԿ. Դոնբասում զինված հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 2,8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել
Ավելի քան 2,8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել 2014 թվականի ապրիլից Դոնբասում զինված հակամարտության ամբողջ ժամանակաշրջանում, ասվում է Ուկրաինայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության հերթական եռամսյակային հաշվետվության մեջ, որը երեքշաբթի ներկայացրել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը:
«Ընդհանուր առմամբ հակամարտության ողջ ժամանակաշրջանում զոհվել է առնվազն 2818 խաղաղ բնակիչ, վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 7-ից մինչև 9 հազար մարդ»,-ասված է փաստաթղթում: Առաքելության ղեկավարը հայտնել է, որ «2017 թվականին փաստագրվել է 552 մարդկանց զոհվելը»: Վերջին ժամանակներս՝ օգոստոսի 16-ից մինչև նոյեմբերի 15-ը, մոնիթորինգային առաքելությունը, նրա խոսքով, քաղաքացիական բնակչության շրջանում գրանցել է 18 սպանված և 72 վիրավոր: