13/12/2017 14:20
Եվրոպական երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմ բանակցությունների օրակարգում է. ՊՆ ներկայացուցիչ
Հայաստանի՝ եվրոպական գործընկերների հետ երկկողմ ձևաչափով համագործակցության օրակարգի հարցերից մեկը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը ռազմական համագործակցության բաղկացուցիչ է, որը մեր գործընկերների հետ հարաբերությունների օրակարգում է», - ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Լրագրողի դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հակամարտության առկայությունը որոշակի սահմանափակումներ չի՞ մտցնում, Լևոն Այվազյանն արձագանքեց.
«Իրավացի եք, կան որոշակի սահմանափակումներ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ այդ դաշտն ամբողջությամբ փակ է և հնարավոր չէ ծրագրեր իրականացնել»։
ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում՝ միայն զենք-զինամթերք գնելով, և հիշեցրեց Լեհաստանի ու Հունաստանի հետ համագործակցությունը։
«Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ և ժամանակի ընթացքում տեսանելի արդյունքներ կունենանք», - ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։