13/12/2017 14:54
Ներվել են նրանք, ովքեր, իրենց կամքից անկախ, հայտնվել են նման իրավիճակում. Գագիկ Մելիքյանը՝ ներված համայնքապետերի մասին
Ներկայացվածը մտահոգ ղեկավարի խոսք էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ գող համայնքապետերին գողությունն այլևս չի ներվելու:
«Նախագահի կողմից բարձրացվեց մտահոգություն, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր պաշտոնական պարտականությունները կատարելիս առաջնորդվի օրենքով, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը, ոչ պատշաճ ձևով կվերաբերեն իրենց պարտականոթյուններին, կենթարկվեն պատասխանատվության», - ասաց Մելիքյանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ է համայնքապետերին գողությունը ներվել ու նրանք պատասխանատվության չեն ենթարկվել, Գագիկ Մելիքյանն ասաց, որ բոլոր այն դեպքերի մասին, որոնք իրենց հայտնի են դարձել, մեղավորները պատասխանատվության ենթարկվել են:
«Ներվել են նրանք, ովքեր, իրենց կամքից անկախ, հայտնվել են նման իրավիճակում, իսկ նման իրավիճակներ լինում են օրինականության դաշտից դուրս», - նկատեց նա:
Խոսելով ընդդիմադիրների այն պդնումների մասին, որ ներված համայնքապետերը նրանք են, ովքեր ընտրությունների ժամանակ կարողանում են ձայներ ապահովել, Մելիքյանը նկատեց.
«Չարաչար սխալվում են: Նման խոսքն անհիմն է»: