14/12/2017 17:48
Ակնկալում եմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականություն. Ռիչարդ Միլս (Տեսանյութ)
Ես ակնկալում եմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը, որն ուղղված է Հայաստանի Զինված ուժերի առավել ամրապնդմանը, այսօր Աֆղանստանում հայ խաղաղապահների հետ հեռուստակամուրջից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Հայաստանը կարող է շատ հպարտ լինել այն զինծառայողներով, ովքեր հիմա ծառայում են Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի ուժերի կազմում նրանց առաքելությունն Աֆղանստանում շատ կարևոր է ու սա մեծ ներդրում է այդ երկրում կայունության, ժողովրդավարության ապահովմանն ու թույլ չտալուն, որ Աֆղանստանը վերածվի ահաբեկիչների համար հարմար և ապահով վայրի», - ասաց Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի այցին Հայաստան ու դրանից եղած ակնկալիքներն՝ դեսպանը նշեց.
«Չեմ կարող խոսել նրա անունից, սակայն Միացյալ Նահանգները ևս ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և կարող եմ անդամ երկրների անունից ևս մեկ անգամ հավաստել, որ մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ գործողություններին մասնակցող բոլոր ուժերի համար ապահովել անհրաժեշտ ուսուցում, օժանդակություն, որպեսզի նրանք հաջողությամբ իրականացնեն իրենց աշխատանքը»: