14/12/2017 23:50
Երբ խոսում ենք, ասում ենք, թե 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ տարի կենսաթոշակների ու աշխատավարձերի չբարձրանալուն, սոցիալական վիճակին։
Հարցին, թե ի՞նչ է պլանավորում անել կառավարությունը սոցիալական լարվածությունը մեղմելու համար, Սարգսյանը պատասխանել է. «Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։
Հիմա կասեք, ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։ Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում, հաշվի առնելով, որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017թ-ի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ-ին։
Այսինքն՝ ոնց ուզենք չուզենք, աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա կարևորը, ոնց որ մենք հիմա այդ շրջանակներում ենք»։