14/12/2017 22:50
Ուրախ եմ, որ Եվրամիության հետ համաձայանգիրը հաջողվեց ստորագրել. Սերժ Սարգսյան
Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում կամ փոխզիջում ձևակերպումների ներքո, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Սա իմ համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, և եթե որևէ կողմ պայամանագիր է ստորագրում, դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես որ, թե ինչ ճանապարհներով ենք հասել պայամանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է», - նշել է Ս.Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստանի համար երբեք երկխոսությունը արևմտյան և արևելյան ուղղություններով չի դիտարկվել՝ որպես հակադրություն:
«Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Արևելքի, թեև դժվար է Ռուսաստանն անվանել արևելք, կոնկրետ Ռուսաստանի հետ», - ասել է Ս.Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ ծրագիրը հռչակվել է 2009 թվականին, և Հայաստանը սկսել է բանակցել 2010 թ-ից եվրոպական կողմի հետ, հայկական կողմը ասել է, որ Ռուսաստանը ՀՀ դաշնակցին է, մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին Ռուասաստանի և ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ:
«Եվ մենք չենք կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը՝ առաջին հերթին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին և ինչպես իրենք ասեցին՝ ըմբռնումով մոտեցան, և մենք տևական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայմանագրի դրույթներին: Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենը արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն», - ասել է Ս.Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով, եվրոպացիները կատեգորիկ էին բանակցությունների ընթացքում, մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը:
«Ես ասում եմ՝ որոշման դրդապատճառը: Երբ մարդիկ խոսում են, ասում են, իբր, մի գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն և այստեղ այլ կարծիք լինել չի կարող», - ընդգծել է նա։
Ս.Սարգսյանը հաստատել է, որ եվրոպացի գործընկներին ԵԱՏՄ միանալու մասին տեղեկացրել է առնվազն 4 ամիս առաջ:
«Բոլոր դեպքերում բանակցությունները շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, և դա հիմանականում տեղի ունեցավ 2015թ.-ի Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Եվ ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայանգիրը հաջողվեց ստորագրել: Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, և՛ մեր կողմից», - ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով, Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն հսկայական շուկաներ ունեն և մեր նպատակն է արտահանման խթանումը:
«Մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք և արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված: Մեր արտահանումների 28 %-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքային առումով տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք և այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է: Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում», - նշել է Ս.Սարգսյանը։