15/12/2017 15:19
Այս վարվելաձևից հակառակորդը մի օր պետք է հոգնի. կամ պիտի լինի պատերազմ, կամ խաղաղություն. Ալիկ Սարգսյան
Եթե նախագահն ինչ-որ բան է հայտարարում, նշանակում է՝ ունի անհրաժեշտ հիմքեր և վստահություն դրա համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, որ առաջկայում սահմանին դիվերսիոն և այլ գործողությունները հնարավոր կլինի բացառել։
«Գուցե կա ինչ-որ պայմանավորվածություն կամ լուրջ նախադրյալներ, որոնք մեզ համար տեսանելի չեն դեռևս ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց նախագահի համար դա տեսանելի է, որի կապակցությամբ անհրաժեշտ հայտարարություն է եղել։ Չեմ կասկածում, որ այն հիմքեր ունի», - ասաց նա։
Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ եթե անգամ այդ հիմքերը հիմա շատերի կողմից տեսանելի չեն, ապա դրանք առնվազն սպասելի են։ Պատգամավորը նկատեց, որ եվրոպական կառույցների հետ բավական ակտիվ աշխատանք է տեսնում ղարաբաղյան խնդրի լուծման միջամտության հարցում։
«Մոտ ապագայում մենք կունենանք այդ վիճակը։ Այսպես երկար չի կարող շարունակվել, հասկացանք ստատուս քվո և այլն... և այլն, բայց այս ամեն ինչը անրամաբանական է, ինչու չէ նաև հակամարդկային։ Այս վարվելաձևից հակառակորդը մի օր պետք է հոգնի, կամ պիտի լինի պատերազմ, կամ խաղաղություն։ Սենց միջանկյալ վիճակ չի կարող լինել։ Ո՛չ տղամարդկային, ո՛չ պետական ու առհասարկ ո՛չ մի գաղափարախոսության մեջ իրԵնց արարքը չի տեղավորվում», - նշեց նա։
Ալիկ Սարգսյանը նկատեց նաև, որ վերջին շրջանում տեսնում է բանակցությունների ակտիվացում ու չի բացառում, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են նորից հանդիպել։
«Ես կանխազգում եմ, որ մոտակա ամիսների ընթացում կլինեն հանդիպումներ։ Ճիշտ է, վերջին հանդիպումը չվերլուծվեց ու մեկնաբանվեց, թե ինչից են խոսել նախագահները, բայց նախագահի երեկվա խոսքի մեջ ես հուսադրող էլեմենտներ զգացի», - ասաց նա։