15/12/2017 00:36
Գիտական յուրաքանչյուր թեմա չպետք է անպայման հաստոց ու ինքնաթիռ դառնա, բայց 10-ից 5-ը պետք է այդպիսին լինի. Սերժ Սարգսյանը` գիտության ֆինանսավորման մասին
2018թ.-ին Գիտության ֆինանսավորումը չի կրճատվում, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանում գործող մի քանի հիմնադրամներն ու գիտությանն ուղղված այն ֆինանսավորումը, որ կա ՊՆ բյուջեում, այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրոմիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում:
«Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա անպայման պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ, համակարգիչ և այլն: Բայց գոնե տասից հինգը պետք է այդպիսին լինի, հակառակ պարագայում որտեղից պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են դրան», - ամփոփել է նախագահը: