19/12/2017 12:34
Հերմինե Նաղդալյանը հիմարություն է որակում իր՝ սնանկանալու մասին տեղեկությունը
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հիմարություն է որակում իր անվան շուրջ մամուլում տեղ գտած տեղեկությունները։
«Մամուլում այդ թեմաներով ինչ գրված է, հիմարություն է բացարձակապես, և չի համապատասխանում իրականությանը», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Նաղդալյանը ԱԺ նախագահին պատճառաբանել է, թե սնանկ է և չի կարող վճարել հեռախոսի վարձի գոյացած պարտքը՝ շուրջ 2 մլն դրամ, պատգամավորը պատասխանեց. «Ով նման բան ասում է, դրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզանից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն»։
Բացի հեռախոսավարձը չմուծելուց, լրագրողը նկատեց, որ ըստ տեղեկությունների, հսկայական գումարի տուգանքներ է եկել վարորդի կատարած խախտումների համար։ Ի պատասխն դիտարկմանը՝ Նաղդալյանն ասաց, որ իր վարորդն ունեցել է խնդիրներ և այժմ չի վարում մեքենան։
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Հերմինե Նաղդալյանին սպասարկած «003օօ01» պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: