20/12/2017 19:05
Արփինե Հովհաննիսյանը՝ իր բացակայությամբ այսօրվա քվեարկության մասին
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն այս օրերին գործուղման մեջ է, պարզաբանում է տարածել այսօր Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագծին իր քվեարկության վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հնարավորություն է տալիս գործուղում մեկնող պատգամավորին հարցի քվերակության վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումն՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ:
Ես 2017 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում եմ պաշտոնական գործուղման մեջ: Այդ պատճառով, օգտվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ինձ վերապահված իրավունքից, դեկտեմբերի 11-ին կազմված գրություններով առանձին-առանձին իմ դիրքորոշումն եմ հայտնել ինչպես 2017 թվականի դեկտեմբերի 12-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, այնպես էլ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի վերաբերյալ:
2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգին ծանոթացել եմ ՀՀ կառավարության դեկտեմբեր 7-ի նիստում քննարկված որոշումից: Այդ պատճառով էլ Ազգային ժողովի նախագահին ուղղված իմ գրություններով տեղեկացրել եմ, որ կողմ եմ քվերակում միայն այն նախագծերին, որոնք դեկտեմբերի 7-ի դրությամբ ընդգրկված էին Կառավարության որոշման նախագծում:
Այս առումով պետք է հատուկ ընդգծեմ, որ դեկտեմբերի 7-ի նիստի արտահերթ նիստի օրակարգի որոշման նախագծի մեջ ընդգրկված չէր «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացվող նախագծերի փաթեթը: Այն հետագայում էր ընդգրկվել որոշման մեջ: Այդ նախագծերի փաթեթի վերաբերյալ, բնականաբար, ես դեկտեմբերի 11-ի դրությամբ չէի կարող դիրքորոշում հայտնել, ինչի հետևանքով էլ դրա վերաբերյալ գրություն ներկայացված չէր», - նշվում է Հովհաննիսյանի պարզաբանման մեջ:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, որն առաջացել էր Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ: ԱԺ Ելք խմբակցության պատգամավորները պնդում էին, որ Արփինե Հովհաննիսյանի կողմ ձայնն անօրինական է ու պետք չէ հաշվել:
«Մենք առաջարկում ենք կրկնել քվեարկությունը, որովհետև Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, որ կողմ չի քվեարկել, բացի այդ, Արփինե Հովհաննիսյանը Հայաստանում չէ և ծրարների վրա կնիք չկա փոստային, որ նա կողմ է նախագծին: Այսինքն Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեք կարող գումարել ու հիմա մենք պահանջում ենք հարցը դնել քվեարկության», -հայտարարել էր «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: