27/12/2017 10:48
Սամվել Բաբայանին առնչվող «Իգլայի» գործով մեղադրյալին վրացական կողմը հանձնել է Հայաստանին (Տեսանյութ)
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:
Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ:
Ավելի վաղ Aysor.am-ը, վկայակոչելով վրացական աղբյուրներին տեղեկացրել էր, որ Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին: