09/01/2018 17:55
Ոստիկանների մահվան պատճառ դարձած «Ճվճվ Արոյի» որդին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել
Հունվարի 8-ին Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ «BMW X 6» մակնիշի մեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
«Նա 100 տոկոս ալկոհոլ օգտագործած չի եղել, ստուգել են և 0 արդյունք է ցույց տվել սարքը», - փոխանցեց մեր աղբյուրը:
Այլ մանրամասներ քրեական գործին մոտ կանգնած մեր աղբյուրը դժվարացավ փոխանցել՝ նշելով, որ դեռ վաղ է քրգործին վերաբերող մանրամասներ հաղորդելը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Սարգիս Վարդանյանի վարած «BMW X 6» մակնիշի մեքենայով բախվել էր Ճանապարհային ոստիկանության «Toyoto Corola» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով ճանապարհային երկու ոստիկաններ՝ Խ. Գասպարյանը և Ա. Դավթյանը մահացել էին:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Սարգիս Վարդանյանը, որը հեռացել էր դեպքի վայրից, ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և 244-րդ հոդվածով՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»:
Վարդանյանին մեղադրանք առաջադրելու ժամկետն ավարտվում է վաղը և այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ նա կկալանավորվի՞, թե՞ ոչ: