12/01/2018 16:07
Սերժ Սարգսյանը հորդորել է պատգամավորներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ նախագահի ընտրություններին
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:
«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում», - նշել է նա:
Ս.Սարգսյանի խոսքով՝ մինչև այս տարվա մարտի 9-ը, Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:
«Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար», - ասել է նա:
Ս.Սարգսյանի խոսքով՝ գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել Սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը:
«Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը: Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում», - ասել է Ս.Սարգսյանը: