12/01/2018 14:40
Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico պարբերականին:
Մի խումբ սենատորներ այցելել են Սպիտակ տուն՝ նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու, որը վերաբերում է Հաիթիին, Սալվադորին և Աֆրիկայի երկրներին:
«Մեր ինչին են պետք կեղտոտ խորշերից եկող այդ բոլոր մարդիկ», - օրենսդիրների առաջարկին պատասխանել է Թրամփը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել է չորեքշաբթի:
Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը նման հայտարարություն է կատարել: «Վաշինգթոնում որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել ուրիշ երկրների շահերի համար, սակայն նախագահ Թրամփը միշտ կպայքարի ԱՄՆ ժողովրդի շահերի համար», - նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը: