15/01/2018 14:40
Առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ձևավորելու մեր ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Նախագահի ընդդիմադիր թեկնածուի չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել Հանրապետական թեկնածուի համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործընկեր «Ծառուկյան» խմբակցության կողմից իրենց թեկնածուին չսատարելուն՝ Փաշինյանը նշեց.
«Մեզ համար շատ ցավալի փաստ է։ Խորհրդարանական մարմինների ձևավորման ընթացքում մենք կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» խմբակցության բոլոր թեկնածուներին։ Անկախ ամեն ինչից՝ դա արել ենք, որպեսզի հնարավորություն ստեղծենք առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ձևավորելու համար, բայց այդ ջանքերն այս պահի դրությամբ ցանկալի արդյունքներ չեն տալիս և դա ցավալի է»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե արդյոք պետք է մի նախաձեռնությամբ հանդես գալ, որի իրականացումը գրեթե հավանական չէ, Փաշինյանն ընդգծեց.
«Մենք խորհրդարանում փոքրամասնություն ենք, խնդիրը հետևյալն է՝ մենք հարմարավում ենք այդ կարգավիճակին, թե դա փոխելու քայլեր ենք անում»։
Փաշինյանը նաև խոսեց «Ծառուկյան» դաշինքի այն հայտարարություններրի մասին, որ իրենք «Ելք»-ից առաջարկ չեն ստացել, որով իրենց առաջարկվում էր սատարել նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։
« «Ծառուկյան դաշինքը» չի կարող ստացած չլինել մեր գրությունը։ Դա ուղարկվել է, ինչը պաշտոնապես ֆիքսված է։ Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքը տեսել եմ այդ նամակը», - հավելեց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե արդյոք հավանական է, որ Հանրապետականն այնպիսի թեկնածու առաջադրի, որին «Ելք»-ը կարող է կողմ լինել, խմբակցության ղեկավարը նշեց.
«Չեմ կարծում, թե էդպիսի հնարավորություն կա»։