15/01/2018 11:10
Խորհրդարանը մերժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության առաջարկները
«Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում առաջարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ, մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը մերժվել էր։
Նախագծի հիմնական զեկուցող խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար գյուղացուն ազատել հողի հարկից:
«Բնակչության 35,7 %-ը գյուղաբնակ մարդիկ են, բերրի հողերի 60 %-ը չեն մշակվում, ինչին մենք ականատես ենք լինում։ Սա փաստում է, որ կոշտ հարկային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վիճակ է, և քաղաքացները, առերեսվելով այս ամենին, կագնում են ծանր իրավիճակի առաջ», - նշեց նա։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ նման հարց վերապահված է տեղական իշխանություններին ու նման օրենք ընդունելով՝ կստացվի, որ իրենք կառավարությանը պարտավորություն են տալիս երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների:
«Բոլորս գիտենք, որ աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուտների փոխհատուցում իրականացնել պետբյուջեից։ Առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կա՛մ նա անել, կա՛մ մյուսը», - նշեց Հարությունյանը։
Էնֆիաջյանը էլ հակադարձեց՝ պնդելով, որ համայնքի ղեկավարները այդ գումարները կամայական են տալիս տուժած գյուղացիներին, իսկ առաջարկվող փոփոխությունը կկանոնակարգի այդ հարցը:
«Ելք»-ի գործընկերները կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության առաջարկին, մինչդեռ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդրկվեց՝ մերժվելով 54 դեմ, 34 կողմ ձայնով։