15/01/2018 12:31
ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը
Շատ կարևոր իրադարձություն է խորհրդարանի համար, որ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը, ԱԺ-ում Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ազգային ժողովում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմություն, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը», - նշեց նա՝ հավելելով, որ նախագիծը քննարկվում է խորհրդարանական բոլոր 4 խմբակցությունների առաջարկով։
«Խորհրդանշական է, որ հենց այս տարի է նախագիծն ընդունվում, քանի որ համաձայն ՄԱԿ-ի՝ սա ընդդեմ ցեղասպանության հոբելյանական տարի է: Իսկ ո՞վ եթե ոչ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է առաջնորդենք ցեղասպանության դեմ պայքարը: Դրա մասին խոսեց նաև հանրապետության նախագահը ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարարեց, որ մենք հանդես ենք գալու նման նախաձեռնություններով», - ասաց նա։
Շարմազանովը նաև կոչ արեց հունվարի 16-ին ՀՀ-ում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց պառլամենտի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր։
Նշենք, որ եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը քվեարկության կդրվի վաղը՝ հունվարի 16-ին։