15/01/2018 11:57
ԱՄՆ կոալիցիան Սիրիայում «սահմանային անվտանգության ուժեր» է ստեղծում
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան անցել է, այսպես կոչված, «սահմանի անվտանգության ուժերի» ստեղծմանը՝ Սիրիայում և «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված)խմբավորման դեմ պայքարելու համար, Defense Post-ին հայտնել է կառույցի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թոմաս Վիլը, փոխանցում է РИА Новости-ն:
Ներկա պահին շուրջ 230 մարդ է վերապատրաստում անցնում, հետագայում նախատեսվում է նրանց թիվը հասցնել 30 հազարի:
Նոր ուժերը կտեղակայվեն Եփրատի երկայնքով՝ Սիրիայի այն տարածքում, որտեղ վերահսկողություն է իրականացնում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զորամիավորումը, ինչպես նաև Իրաքի և Թուրքիայի հետ սահմանների մոտ:
Սիրիայում ԱՄՆ-ի նոր նախաձեռնության մասին լուրերը հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչած սպառնալիքների ֆոնին: Շաբաթ թուրք ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել ռազմարշավ Սիրիայի Մանբիջ և Աֆրին քաղաքներում, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը: