15/01/2018 12:37
Սկսում է Հռոմի պապի այցը Լատինական Ամերիկա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօրվանից սկսում է իր այցը Լատինական Ամերիկա: Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18-ը), այնուհետև կլինի Պերուում մինչև հունվարի 21-ը, հայտնում է РИА Новости-ն:
Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո և Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ:
Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա:
Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարևան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին: