15/01/2018 16:39
Առաջարկվում է գյուղերից դեպի մարզկենտրոն, ապա Երևան միասնական երթուղային ցանց ստեղծել
Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան։
ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ 2017 թ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 230 համայնք չուներ տրանսպորտ, իսկ տարվա վերջում նման մարզերի թիվը հասնում էր 170-ի։ Փոխնախարարը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում կլինեն նաև չվացուցակներ։
ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն սա կունենա ուղեվարձի վրա, ինչին փոխնախարարն արձագանքեց. «Կարծում ենք, որ կկարողանանք զսպել և չթողնել, որ անհարկի բարձր գներ լինել, դա հիմանվորված կլինի»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները կբերեն նրան, որ բնակչությանը կմատուցվեն որակյալ ծառայություններ։
«Բազմաթիվ բողոքողներ կան տրանսպորտային միջոցների հնամաշ, ժամկետանց լինելուց, բազմաթիվ դեպքեր ունենք, որոնց հետևանքով ունենում ենք զոհեր։ Մեկ միասնական ուղևորափոխադրողների վերաբերյալ ձեր առաջարկը կարո՞ղ է այս խնդիրները լուծել, որ բազմաչարչար «գծատերեր» հասկացությունը վերանա, ոլորտը կարգավորվի ու վերջապես քաղաքացին արժանապատիվ տեղափոխվելու իրավունքից օգտվի։ Այս առաջարկով դուք խնդիրնե՞ր եք լուծում, թե՞ուղղակի կոսմետիկ փոփոխություններ եք անում», - հարցրեց պատգամավորը։
Գագիկ Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ դրանք ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար փոփոխություններ են, որոնք հնարավորություն կընձեռեն հանրապետական գործադիր մարմնին իր գործառույթներն իրականացնելու համար։
«Ամբողջ աշխատանքը պետք է նաև ՏԻՄ մարմինների հետ համաձայնեցվի։ Ամբողջ նպատակն այն է, որ ազգաբնակչությանն ապահովենք արժանավայել սպասարկումով», - նշեց փոխնախարարն՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքում կլինի մեկ երթուղային ցանց, որը կունենա մեկ միասնական օպերատոր, ով կկառավարի ամբողջ տրանսպորտային համակարգը, կլինի նաև մեկ միասնական տոմսային համակարգ, որը հնարավորություն կընձեռի տոմս ձեռք բերելուց ունենալ հնարավորություն՝ դրանով մինչև ընտրված վերջնակետ երթևեկելու համար։