16/01/2018 14:35
Եթե երթից հետո իշխանությունները զիջումների չգնան, նստացույցը չի բացառվում. Էդմոն Մարուքյան
Հունվարի 19-ին Երևանում ընդդեմ թանկացումների կայանալիք երթը հանրային միջոցառումներից մեկն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի: Մենք բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարը, եթե առանձին վարորդները, առանձին ուղևորները պայքարեն, դա արդյունք չի տալու», - ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով գազի թանկացման դեմ այսօր վարորորդների բողոքի ակցիային:
Պատգամավորի խոսքով, 1000 խմ սեղմված գազի ակցիզային հարկը 8 հազարից 25 հազար դարձնելը նշանակում էր, որ այն ազդեցություն ունենալու է, ինչն արդեն այսօր պարզ դարձավ։
Պատգամավորը նշեց, որ հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են «շատ լուրջ» խնդրի առաջ, որովհետև մի կողմից կա քաղաքական որոշում թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից կա հարկային փոփոխությունը, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը: Մարուքյանի կարծիքով, կա՛մ տնտեսվարողները պետք է ուղեվարձը թանկացնեն, որը կրկին բողոքի ալիք կբարձրացնի, կա՛մ գան Ազգային ժողով և փոխեն Հարկային օրենսգիրքը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ընդդեմ թանկացումների երթ անցկացնելու մասին «Ելք»-ի ծանուցումը Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։
«Միայն այդ դեպքում իշխանությունները կգնան զիջումների և Հարկային օրենսգիրքը կփոփոխվի», - նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ-ում հունվարի 23-ին կայանալիք լսումներին, պատգամավորն ասաց, որ այն իրենց երթից հետո է և պարզ չէ, թե փորձագետներն ինչ նոր բան պետք է ասեն։
«Մենք չենք ուզում լսում կազմակերպել, թե կարագն ինչու է թանկացել, որովհետև նորվեգացոնց հետ հարց չունենք: Լուծումն առաջարկել ենք՝ Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, նվազագույնը հետ գալ այն նույն իրավակարգավորումներին, որ կար մինչև հունվարի 1-ը», - հայտարարեց պատգամավորը:
Եթե, այդուհանդերձ, երթի ազդեցությամբ իշխանությունը զիջումների չգնա, ապա, Մարուքյանի խոսքով, կլինեն երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումները, կարող է ակցիա կամ ցույց լինել, չի բացառվում նաև նստացույցը:
«Մենք հիմա ամբողջ ուժերը կոնսոլիդացնում ենք երթի վրա և մեր քաղաքացիներին կրկին կոչ ենք անում գալ Մոսկվա կինոթատրոնի հրապարակ հունվարի 19-ին՝ ժամը 17-ին», - հավելեց պատգամավորը: