16/01/2018 16:02
Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կներկայացնի կարող թեկնածուի. Շարմազանով (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական է համարում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ իր համար անփոխարինելի մարդիկ չկան։
«Բոլորն էլ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի կամ մեր ու մյուսների կարծիքները համընկնեն բոլոր հարցերում։ Ես հարգում եմ բոլորի կարծիքները՝ անկախ նրանից, թե դրանց հետ համամիտ ե՞մ, թե՞ ոչ», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան խորհրդարանում Ծառուկյանը, պատասխանելով դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համարում են անփոխարինելի, ասել էր, որ իր համար անփոխարինելի մարդիկ չկան։
«Իսկ ինչ վերաբերում է իմ գնահատականներին, ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այո, կան անփոխարինելի գործիչներ։ Անփոխարինելի գործիչ, ըստ իս, նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, ապա մարդկությունը կամ ոլորտը շատ բան կկորցներ։ Մի պահ պատկերացրեք՝ խորհրդարանը՝ առանց Վահան հովհաննիսյանի, ֆուտբոլը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի և այլն։ Սա է իմ կարծիքը», - հավելեց Շարմազանովը։
Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդլայնվել՝ հաշվի առնելով Ծառուկյանի հայտարարությունը, որ իրենք չեն բացառում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին սատարելը, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է ու որևէ բան չի կարելի բացառել և հավելեց. «ՀՀԿ-ն մինչ այս պահը 2018 թվականի կառավարության ձևավորման, վարչապետի նշանակման, հնարավոր թեկնածուների հարց չի քննարկել»։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն հետևելու է Սերժ Սարգսյանի խոսքին և առաջադրելու է այնպիսի թեկնածու, որը ունենա քաղաքական «մեծ աջակցություն» ընդդիմադիր և իշխանական ուժերի կողմից։
«Կարծում ենք, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի հանրությանը և քաղաքական ուժերին ներկայացնել մի թեկնածուի, որի վերաբերյալ կարող է լինել դրական համաձայնություն։ Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն կներկայացնի կարող թեկնածուի», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ ինքն այժմ անուններ չի կարող մատնանշել։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե մարտի 2-ին հնարավոր է նախագահի ընտրություններ կայանան, իսկ թեկնածուների հարցը կորոշվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում։