16/01/2018 11:57
«Կոռուպցիոն ռիսկեր կան». Երթուղային միասնական ցանց ստեղծելու մասին նախագծի առնչությամբ ընդդիմությունը վերապահումներ ուներ, բայց այն ընդունվեց
Այսօր ազգային ժողովը՝ կողմ 59, դեմ 7, ձեռնպահ 27 ձայների հարաբերակցությամբ ընդունեց գյուղերից դեպի մարզկենտրոն և հետո՝ դեպի Երևան միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացված նախաձեռնության առնչությամբ ուներ մտավախություններ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ միասնական ցանցը մեկ օպերատորին հանձնելը կոռուպցիոն ռիսկեր կարող է ունենալ ու հավելեց. «Կարծում եմ՝ նախորդ իշխանության կողմից ձևավորված կազմակերպված պետության գաղափարից չենք կարողանում հեռու գնալ։ Գտնում ենք, որ որակ ու գների զսպում կարող է ապահովել մրցակցությունը և շուկայական հարաբերությունները։ Մենք էստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում և դեմ ենք քվեարկելու նախագծին»։
Ինչ վերաբերում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագիծը ռիսկային է և կարող է առաջացնել ուղեվարձի թանկացում, հետևաբար իրենց խբակցությունը այս փուլում ձեռնպահ է քվեարկում։
«Նախագիծը բավականին ռիսկային է՝ հատկապես հաշվի առնելով, որ մեկ օպերատորին հանձնելու դեպքում հնարավոր է տրանսպորտային գնի թանկացում։ Այս փուլում մենք կքվեարկենք ձեռնպահ՝ ներկայացնելով մեր առաջարկությունները։ Եթե չընդունվեն, մենք այս գաղափարին կլինենք դեմ», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նկատենք, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ տարվա դրությամբ Հայաստանում 230 համայնք տրանսպորտային միջոց չի ունեցել։ Նախագծով առաջարկվում է հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան։