17/01/2018 12:43
Արարատ Զուրաբյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, դատախազների առանձնասենյակներում
Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը առաջարկեց առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանության բաժանմունքներում։
«Մամուլը շատ է գրում, որ այս կամ այն ոստիկանապետին հեռացրել են աշխատանքից։ Հավանաբար ինչ-որ մութ բան կա այդ որոշումների հետևում։ Ես առաջարկում եմ առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազների առանձնասենյակներում։ Տեղադրեք տեսախցիկներ կառավարության բոլոր աշխատասենյակներում ու թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հասարակության համար։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի ու կկանխարգելի բազմաթիվ հանցագործություններ, որոնք պլանավորվում ու իրագործվում են ձեր համակարգերի կողմից», - հայտարարեց Զուրաբյանը։
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում էր Ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով ոստիկանական համակարգի ծառայողներին թույլատրվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Բացի այդ, տեխնիկական միջոցով խախտում հայտնաբերելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Կսահմանվի նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով:
Կսահմանվեն նաև ձայնագրությունները պահպանելու ժամկետները, օգտագործելու նպատակները, կսահմանվի դրանք հրապարակելու կամ այլ նպատակով օգտագործելու արգելքը: Ի դեպ, տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել: