17/01/2018 11:54
Հերմինե Նաղդալյանը վիրավորված չէ խորհրդարանի ղեկավարությունից և ՀՀ նախագահից, որ այլևս ԵԽԽՎ կազմում չի լինելու
ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը վիրավորված չէ խորհրդարանի ղեկավարությունից և ՀՀ նախագահից, որ ինքն այլևս ԵԽԽՎ կազմում չի լինելու:
«Այս խորհրդարանի ստարտի ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այսպես. քանի որ նոր պատվիրակություն է ձևավորվել ու դրանում կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով: Յուրաքանչյուր երկիր, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, հին պատվիրակությունը կամ դրա որոշ անդամներ 6 ամսով հնարավորություն և իրավունք ունեն շարունակել իրենց աշխատանքը», - լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե տեղյակ է եղել, որ ԵԽԽՎ կազմում ժամանակավոր է գտնվում և դրան զուգահեռ նշանակվել է ԵԱՀԿ հայկական պատվիրակության ղեկավար:
Անդրադառալով իր և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի միջև եղած տարաձայնությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Նաղդալյանն ընդգծեց, որ ինքը գալիս է խորհրդարան աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում:
«Որևէ մեկի հետ հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ կամ նախասիրություններով առաջնորդվում: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին պիտի գնահատել աշխատանքի որակով», - եզրափակեց խոսքը նա: