17/01/2018 12:01
Ապրիլից առաջ ոստիկանությունն իրականացնում է իր երազանքը՝ համատարած տեսախցիկներ տեղադրում երկրում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ոստիկանության երազանքն է տեսախցիկներ տեղադրել ցանկացած վայրում և այդ երազանքը ամրագրել է խորհրդարանին ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքի նախագծում։
«Օրենքի նախագիծը նախատեսում է ոչ միայն հանրային վայրերում տեսանկարահանում իրականացնել, այլ նաև՝ մասնավոր վայրերում։ Ասենք, կարող են գնալ մասնավոր մի վայրում որևէ մեկի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեն ու տեսախցիկ տեղադրեն և ձեզ պահեն ընդհանուր տեսադաշտում։ Ընդ որում՝ խոսքը գնում է ինչպես հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարահանման մասին», - այսօր նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Սակայն այս ամենից զատ պատգամավորին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է համատարած տեսախցիկների տեղադրումը կառավարության համար համարվում անհետաձգելի հարց, որը շատ արագ ներկայացվել է խորհրդարան, այսօր առավոտյան դրական եզրակացություն ստացել ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ու այժմ քննարկվում է լիագումար նիստում։ Ընդդիմադիր պատգամավորը դրա պատասխանն էլ ունի՝ դիմացը ապրիլն է, երբ ձևավորվելու է նոր կառավարությունը։
«Իշխանությանը պետք են երաշխիքներ՝ ոչ միայն իմանալու, թե էս հատվածի (ցույց է տալիս դահլիճում ընդդիմության տեղը – խմբ.) պատգամավորները ինչ են անում, այլև այս հատվածի (ցույց է տալիս իշխանական մեծամասնության տեղը դահլիճում - խմբ.) պատգամավորներն ինչ են անում։ Չմտածեք, թե միայն մեր օֆիսների, տների, ավտոների մեջ են կախելու այդ կամերաները, այլ ձեր վրա էլ են կախելու։ Այնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով», - ժպտալով հայտարարեց պատգամավորը։
Նշենք, որ խոսքը Ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին է, որով ոստիկանական համակարգի ծառայողներին թույլատրվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Բացի այդ, տեխնիկական միջոցով խախտում հայտնաբերելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Կսահմանվի նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով:
Կսահմանվեն նաև ձայնագրությունները պահպանելու ժամկետները, օգտագործելու նպատակները, կսահմանվի դրանք հրապարակելու կամ այլ նպատակով օգտագործելու արգելքը: Ի դեպ, տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել: