18/01/2018 16:13
Ուկրաինայի գերագույն Ռադան Դոնբասի վերաինտեգրացման մասին օրինագիծ է ընդունել
Ուկրաինայի գերագույն Ռադան ամբողջությամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրացման մասին նախագահական օրինագիծը, որտեղ Ռուսաստանին անվանում է «ագրեսոր», փոխանցում է РИА Новости-ն:
Այս որոշումը պաշտպանել է 280 խորհրդարանական, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման հաջորդ օրվանից:
Օրենքի համաձայն՝ Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքները ճանաչվում են «բռնազավթված» տարածքներ: Օրինագծում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր-երկիր»:
Փաստաթղթում, առաջին ընթերցմամբ քննարկման արդյունքներով, հանվել է հակամարտության կարգավորման համար Մինսկի համաձայնությունների իրագործման գերակա նշանակության կետը: Դրա փոխարեն առաջարկվում է հենվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Դոնբասին նվիրված բանաձևի վրա: Օրենքը նախագահին իրավունք է տալիս խաղաղ ժամանակ տարածաշրջանում զինված ուժեր օգտագործել երկրի ինքնիշխանության ապահովման միջոցներ իրագործելու համար: Դա թույլ կտա օրինականացնել արևելքում բանակի կիրառումն առանց պատերազմի հայտարարման: