18/01/2018 18:58
Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել Հայաստանի համայնքներում
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Տանիգուչիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:
Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման գործընթացում հայ-ճապոնական համագործակցության արդյունքները՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում:
Կողմերը քննարկել են Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ըստ Դ. Տոնոյանի՝ ճապոնական փորձը կարող է օգտակար լինել համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում, ինչը կհանգեցնի յուրաքանչյուր համայնքում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Դ. Տոնոյանը շեշտել է, որ աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում մեծապես կնպաստի համայնքի ընդհանուր տնտեսական զարգացմանը, քանի որ կանխարգելիչ աշխատանքներն ավելի արդյունավետ և քիչ ծախսատար են, քան հետևանքների վերացման գործընթացը: Կողմերը դիտարկել են նաև հայ-ճապոնական հնարավոր համագործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատեցին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:
Հաջիմե Տանիգուչին նշել է, որ հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ տարիների համագործակցության բարձր արդյունավետությունը, իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային ու Աղետների բժշկության կենտրոններ՝ տեղում ստորաբաժանումների կարողություններին ծանոթանալու նպատակով: