19/01/2018 16:22
Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը. նոր նախագիծ է ներկայացվել
Հանրային քննարկման է դրվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով կներկայացվի կառավարությանը։ Այս նախագիծը, նկատենք, պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով և Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությամբ։
Նախագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը։
Այսպես, նախագծի համաձայն, Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորելու է վարչապետը: Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
Նախագծով առաջարկվում է, որ Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Ըստ նախագծի՝ Անվտանգության խորհուրդը լսում և ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի առնվազն 4 անդամների ձայներով:
Նախագծում նշվում է, որ վարչապետը նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին: Բացի այդ, Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը: Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:
Օրինագծի եզրափակիչ դրույթներով այս օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ից:
Մինչ այդ, խորհրդարանը պետք է ընդունի օրինագիծը։ Փաստաթուղթը դեռ հանրային քննարկման փուլում է և հավանաբար փետրվարի 1-ից հետո կներկայացվի կառավարության դատին։