19/01/2018 17:00
Արարատի մարզի դատախազը՝ դատախազների և քննիչների միջև հակամարտության մասին
Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը կարծում է, որ դատախազների ու Քննչական կոմիտեի քննիչների միջև ընդգծված հակամարտություն չկա։
«Առնվազն մեր մարզի մասով կարող եմ դատողություններ կատարել՝ մենք գտնվում ենք ակտիվ, համագործակցված աշխատանքային պրոցեսի մեջ։ Գործերով հսկողություն իրականացնող դատախազները և քննիչները իրենց վարույթի գործերով ներկայանում են և անընդհատ քննարկումների մեջ ենք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատախազը։
Այդուհանդերձ, եթե որևէ քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից պատշաճ ջանասիրություն չի դրսևորվում և նրան վարույթից հեռացնելու անհրաժեշտություն է առաջանում, ապա Հովհաննիսյանի կարծիքով, դա նույնպես աշխատանքային գործընթաց է։
«Հակառակ պարագայում մեր ընդհանուր աշխատանքը չի ստացվելու։ Այսինքն՝ քննիչ-դատախազ հարաբերություններում, երբ դատախազը իրավասություն ունի ցուցումներ տալ՝ այս կամ այն քննչական գործողությունները տալու համար։ Եվ եթե դատախազը տեսնում է, որ քննիչը թերանում է այս գործողությունները կատարելու հարցում և տալիս է ցուցում, ապա ես դա չեմ համարում հակամարտություն։ Սա ընթացիկ աշխատանքային վիճակ է և եթե այդպես չլինի, գործը կտուժի», - հավելեց Հովհաննիսյանը։
Դատախազների ու քննիչների միջև հակամարտության մասին տեղեկությունները հատկապես ակտիվ շրջանառվեցին 2017-ի նոյեմբերի 20-ին դատախազ եղբայրների կողմից քննիչին ծեծի ենթարկելու դեպքից հետո։ ՔԿ փոխնախագահ, ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը հայտարարել էր, որ դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու նախնական պատճառը դատախազների բանավոր ցուցումը չկատարելն է եղել:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազների կողմից քննիչներին բանավոր ցուցումներ տրվում են օպերատիվ գործողություններ կատարելու դեպքերում և եթե քննիչները «պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերում գործի նկատմամբ», այդ դեպքում միայն նրանց ցուցումը տրվում է գրավոր։
«Բոլոր այն դեպքերում, երբ մենք ունենք կոնկրետ դատախազական ներգործության միջոցներ, դրանք կիրառվում են դատախազի կողմից։ Եթե չտրվեն ցուցումներ, քրեական գործի նախաքննության դինամիկան ու հեռանկարը տուժելու են», - մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։