01/12/2017 15:51
Դատախա´զ, դու պարտավոր ես քննիչին ցուցում տալ գրավոր. ՔԿ փոխնախագահը՝ քննիչ-դատախազներ ծեծի մասին
Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 20-ին քննչական բաժնում դատախազների կողմից ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ:
Ըստ ՔԿ փոխնախագահի՝ դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու նախնական պատճառը՝ դատախազների բանավոր ցուցումը չկատարելն է:
«ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում դեպքի կտրվածքով, պաշտոնական քննությունը կկատարվի, շատ հարցերի պատասխան կներկայացվի», - ասաց նա:
Այդուհանդերձ, Ղամբարյանի խոսքով, երբ քննիչն ու դատախազը հարցերը պարզելու եղանակ ընտրում են ծեծը, բացասական ազդեցություն է թողնում իրավապահ համակարգի, մասնավորապես, դատախազության և քննչական կոմիտեի «հանրային լեգիտիմության վրա»:
«Այս դեպքը ես չեմ դիտարկում որպես երկու մասնավոր անձանց միջև ծեծ: Պետք է հասկանալ, թե որն է պատճառը կատարվածի: Ես ունեմ իմ ձեռքի տակ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության զեկուցագիրը, որի համաձայն՝ ծեծի պատճառը եղել է այն, որ դատախազը, ըստ նախնական տվյալների, որևէ գործի քննարկման ժամանակ բանավոր ցուցում է տվել քննիչին: Իսկ քննիչը չի համաձայնել բանավոր ցուցումի հետ, վիճարկել է՝ պնդելով ցուցումը տալ գրավոր: Այդտեղից առաջացել այդ վեճը», -իրավապահ համակարգերի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած վեճի նախնական պատճառը ներկայացրեց Ղամբարյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրավասու է դատախազը բանավոր ցուցում տալ քննիչին՝ ՔԿ փոխնախագահը, վկայակոչելով միջազգային կառույցների ուսումնասիրությունները, հայտարարեց, որ դատախազները իրավասու չեն բանավոր ցուցումներ տալ քննիչներին, քանի որ դա բացասաբար կարող է ազդել նախաքննություն իրականացնող մարմնի վրա:
«Նաև օրենքի հստակ պահանջ է՝ դատախազ, դու պարտավոր ես բանավոր ցուցում տալ քննիչին գրավոր, որպեսզի քննիչը իրավունք ունենա առարկել դրա դեմ: Եթե դու այդ մասին հայտնում ես բանավոր, նշանակում է, դու քո լիազորություններից որոշակի իմաստով շեղվում ես», - ասաց ՔԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ եթե նախաքննություն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն, քրեական գործի քննության ընթացքում պարզի, որ ծեծի պատճառը եղել է դատախազի կողմից թույլ տված դատավարական շեղումները՝ բանավոր ցուցում տալը, ապա պետք է կիրառի Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը՝ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու պարտականությունը»:
«Նախաքննություն իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, որովհետև եթե այսօր քննիչի աշխատասենյակում է այդ ծեծը, ապա հետո այն կարող է տեղափոխվել վերադաս դատախազի աշխատասենյակ, հետո՝ դատական նիստերի դահլիճ: Այդ դեպքը պետք է խստագույնս դատապարտել կանխարգելման տեսանկյունից: Մենք, որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, իրավունք չունենք այդպիսի հարցերը լուծել ծեծի կամ կենցաղային մակարդակի ձևերով», - հավելեց Արթուր Ղամբարյանը: