20/01/2018 12:03
Մեյ․ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու
Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Ոչ, երկրորդ հանրաքվե չի լինելու, - ասել է Մեյը, - Խորհրդարանը ընտրության իրավունք է տրամադրել բրիտանական հասարակությանը, ու նա կայացրել է իր որոշումը»։ «Մենք հեռանում ենք ԵՄ-ից, բայց ոչ թե Եվրոպայից, մենք ուզում ենք լինել ԵՄ-ի գործընկերը», - շեշտել է վարչապետը։
Մեյի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը մտադիր չէ «այրել բոլոր կամուրջները»։ «Մենք ընդհանուր շահեր ունենք ու կանգնած ենք ընդհանուր մարտահրավերների առաջ»,- ասել է նա՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է կատարել իր պարտականությունները ՝ ընդհանուր անվտանգության ապահովման հարցում։
«Մենք դռները չենք փակում, - ասել է Մեյը,- Ապրանքների վերսահմանային հոսքը կարևոր է երկու կողմերի համար»։ «Մենք ուզում ենք պայմանավորվել ԵՄ-ի հետ՝ ազատ առևտրի վերաբերյալ համընդգրկուն համաձայնագրի շուրջ, նաև անվտանգության ոլորտում գործընկերության մասին», - շեշտել է նա։