22/01/2018 12:36
Եթե «Ելք»-ն ուզում է Հանրապետականի հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փաստարկված չի համարում «Ելք»-ի այն տեսակետը, որ ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածուին իրենք դեմ կքվեարկեն՝ ելնելով այն հանգամանքից, որ նա Հանրապետականի թեկնածուն է։
«Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, ապա «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ «Ելք»-ին հնարավորություն չի տրվում իրենց թեկնածուին առաջադրել՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա Հանրապետականի մեղքը չէ։
«Մենք չպետք է այդ հնարավորությունը տայինք։ Ընդդիմադիր մեր քաղաքական ուժերի ձայները բավարարում են, որ կարողանան մեկ քառորդ ստորագրությունով իրենց թեկնածուին ներկայացնեն։ Խնդիրն իրենց մեջ պետք փնտրել ու իրենց բանակցությունների արդյունքում պիտի կարողանային թեկնածու առաջադրել», - նշեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ-ն չի կարող բանավեճեր սահմանելու համար տրամադրել «Ելք»-ին պակասող ձայներն ու հնարավորություն տալ այլ թեկնածու առաջադրել, Բաղդասարյանը նշեց.
«Շատ հետաքրքիր առաջարկություն է։ «Ելք»-ը մե՞ր ստեղծած ընդդիմություն է: Եթե մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք իրենց, բայց «Ելք»-ը ժողովրդի ընտրյալն է և այդ կերպարը պիտի պահեն, համագործակցեն ընդդիմության հետ։ Եթե իրենք ուզում են մեզ հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են, ոչ միայն նախագահի թեկնածուի հարցում, այլ ցանկացած հարցերով մենք կարող ենք իրենց հետ համագործակցել»։
Խոսելով մամուլում Արմեն Սարգսյանի անվան շուրջ շրջանառվող տեղեկությունների և այն մտավախությունների մասին, թե Ա.Սարգսյանը մի օր կարող է թողնել ու հեռանալ Բրիտանիա, Բաղդասարյանը նշեց՝
«Բազմիցս տրվել են մեկնաբանություններ՝ ինչ պատճառով է վարչապետի պաշտոնից հեռացել։ Նա ունեցել է լուրջ առողջական խնդիրներ։ Բնական է, որ մամուլը պետք է մտածի նոր նախագահի թեկնածուի շուրջ խոցելի տեղերի մասին, բայց իզուր է չարչարանքը, չկա որևէ մարդ, որը լինի իդելական ու խորհուրդ կտամ ավելի շատ դրական կողմերի մասին խոսել»։