06/02/2018 18:48
Հնարավոր չարաշահումների կասկածանքով աշխատանքից ազատվել են Լոռու մարզի ՔԿ վարչության պետն ու Երևանի ՀԿԳ երկու քննիչ
Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու վարչության երկու քննիչ այսօր ազատվել են աշխատանքից, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նման որոշում կայացվել է Ալավերդիում 2017 թ. հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքով հարուցված քրգործի կապակցությամբ: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
«Կազմավորման պահից ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը կարևորել է համակարգում հնարավոր չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը, և այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ իրական քայլեր են ձեռնարկվել ։
ՔԿ նախագահի, ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության։ Քրեական գործերով օբյեկտիվ իրականության բացահայտումը, կատարված հանցագործություններին հնարավոր առնչություն ունեցած անձանց ինքնության պարզումը և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը վարույթն իրականացնող մարմնի առաջնահերթ խնդիրն է և ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով որևէ ծառայողի, քննիչի կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում դրանց մշտապես սահմանված կարգով ընթացք է տրվել, տրվում, դարձվում քննության առարկա և հենց ինքներս էլ բարձրաձայնում դրանց մասին։
Այս առումով բացառություն չէ նաև Կամո Փիրուզյանի սպանության գործը։ Քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ, և դրանց հիման վրա քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ուղարկվել ՀՔԾ։
Առաջնահերթ քննչական կոմիտեն է շահագրգռած տվյալ դեպքի օբյեկտիվ քննությամբ և նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունը, հնարավոր այլ ներգործությունը բացառելու նպատակով 3 ծառայող՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ և Լոռու մարզային ՔԿ վարչության պետն այսօր ազատվել են աշխատանքից։ Նախնական տվյալները բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում կստուգվեն և կտրվեն համարժեք իրավական գնահատականներ», - Aysor.am-ին ասել է Սոնա Տռուզյանը: