07/02/2018 19:17
Լոռու մարզային Քննչական կոմիտեի ևս մեկ քննիչ է ձերբակալվել
Aysor.am-ին հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Լոռու մարզային Քննչական կոմիտեի ևս մեկ քննիչ:
Ավելի վաղ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել էին, որ Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու վարչության երկու քննիչն ազատվել են աշխատանքից: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հայտնել էին, որ առանձնապես խոշոր կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ՔԿ ծառայող է կալանավորվել:
Մասնավորապես, դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար, Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: