13/02/2018 16:16
«Ելք» խմբակցությունը մարտիմեկյան իրադարձությունների թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպում
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Փաշինյանը տեղեկացնում է, որ լսումներին հրավիրվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը։ «Պաշտոնապես կհրավիրենք նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին», - տեղեկացնում է Փաշինյանը։
Տեղեկացնենք, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել էր 10 մարդ։ Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը դեռ դոփում է տեղում։ Օրերս ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ այդ քրեական գործը կասեցված չէ և չի էլ կարճվի։
«Այս քրեական գործի արդյունքների հրապարակայնության ապահովման համար, երբ հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որևէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քնչական գործողություններ։ Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն», - ասել էր Գլխավոր դատախազը։