13/02/2018 17:45
Հաքերները ռուսներից ավելի քան 1 մլրդ ռուբլի են գողացել
2017 թվականին հաքերները ռուսաստանյան բանկերից կարողացել են գողանալ 1,156 մլրդ ռուբլի, այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինը, հայտնում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, գրանցվել է կիբերային հարձակման 21 ալիք, որոնք իրականացվել են Cobalt Strike վիրուսի միջոցով: Հարձակումների է ենթարկվել ավելի քան 240 վարկային կազմակերպություն, հարձակումներից 11-ը հասել են իրենց նպատակին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի MoneyTaker ռուսախոս հաքերների խումբն իրականացնում է բանկային կողոպուտներ ամբողջ աշխարհում: Խումբն աշխատում է 2016 թվականից և այդ ընթացքում հասցրել է իրականացնել մոտ 20 հարձակում՝ հիմնական թիրախ դարձնելով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանկերը:
«Ռուսաստանի Բանկի» տեղեկատվական պաշտպանության և անվտանգության հարցերով գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովը սեպտեմբերին հայտնել էր, որ ռուսաստանյան բանկերը հարձակման են ենթարկվում շաբաթական երկու-երեք անգամ: Հանցավոր խմբերի կողմից ամենից շատ օգտագործված վիրուսը եղել է Cobalt Strike-ը: