14/02/2018 13:54
Բոլիվիայում կառնավալի չորս օրվա ընթացքում 40 մարդ է մահացել, 120-ը՝ տուժել
Բոլիվիայում 40 մարդ է մահացել, ևս 124-ը՝ վնասվածքներ ստացել փետրվարի 10-ին խոշորագույն ազգային կառնավալի սկսվելուց ի վեր: Այս տվյալները ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն, փոխանցում է ТАСС-ը:
«Ունենք 40 զոհ: Ցավոք, չնայած հսկողությանը, կառնավալի ընթացքում մահվան դեպքերի ու վնասվածքների թիվը մեծ է», - նախարարի խոսքը մեջբերել է Andina պերուական գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ 40 մահացածներից 16-ը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, ևս ութը մահացել է Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթելու հետևանքով:
Օրուրոյի կառնավալը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականին ներառել է Ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին ու ամենաշքեղն է համարվում Բոլիվիայում: 2017 թվականին, հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալով, տոնական միջոցառումներին այցելել Է 412 հազար մարդ: