15/02/2018 16:31
ՄԱԿ. Մեկ տարում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում
2017 թվականին ավելի քան 10 հազար քաղաքացիական անձ է զոհվել կամ վիրավորվել Աֆղանստանում, ասված է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության (UNAMA)՝ այսօր հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Կազմակերպության տվյալներով, զինված հակամարտությունների հետևանքով երկրում զոհվել է 3438 մարդ, ևս 7015-ը վիրավորվել է: Զեկույցում նշվում Է, որ զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց թիվը 2017 թվականին 6 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում ուշադրություն են դարձրել մահապարտ-ահաբեկիչների գրոհների և ինքնաշեն ռումբերի պայթյունների հետևանքով բարձր մահացության վրա:
Հաշվետվության համաձայն, քաղաքացիական անձանց երկու երրորդը (65 տոկոսը) «հակակառավարական տարրերի», այդ թվում՝ «Թալիբան» և ԻՊ (Ռուսաստանում արգելված) խմբավորումների հարձակումների զոհ է դարձել: Կառավարական ուժերի գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է քաղաքացիական անձանց 19 տոկոսը, զինյալների և կառավարական ուժերի խաչաձեւ կրակի հետևանքով՝ 11 տոկոս:
Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ 2017 թվականին զինված հակամարտությունների հետևանքով զոհվել է 359 կին, 865-ը տուժել են, ինչը 5 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին: Զոհված կամ վիրավորված երեխաների թիվը տարվա ընթացքում, ընդհակառակը, նվազել է 10 տոկոսով. զոհվել է 867 երեխա, վերքեր է ստացել ևս 2318 երեխա: