16/02/2018 14:51
Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց. իշխանությունը չընդունեց գնաճը մեղմելու նրանց առաջարկը
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր մի քանի ժամ տևած քննարկումն ավարտվեց խորհրդարանական ընդդիմության պարտությամբ։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Ելք» խմբակցության նախագիծը ձայների մեծամասնությամբ չընդունվեց. օրինագծին դեմ քվեարկեց 38 պատգամավոր, կողմ՝ 35։
Դեմ քվեարկեցին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները, կողմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։
«Ելք» խմբակցությունը նախագիծը ներկայացրել էր հետևյալ հիմնավորմամբ. 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի թանկացումը արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը:
Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակները էժանանան:
Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչև 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտների նվազել է, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվում է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:
Նախագծի ընդունմամբ պայմանավորված 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի կվերադարձվի մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին: