17/02/2018 12:25
Սպորտի և երիտասարդության նախարարը շուրջ 31 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել, որից 5 մլն-ը՝ ձեռնարկատիրական գործունեությունից
Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը։ Ինչպես Aysor.am-ը տեղեկանում է ներկայացված հայտարարագրից, նախարարի եկամուտները պաշտոնը ստանձնելուց հետո զգալի աճել են։
Նախարարի 2017 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ռոստոմյանի եկամուտները 2017-ին կազմել են 31 մլն 687,156.00 դրամ։ Այդ գումարից 6 մլն 847,156.00 դրամը աշխատավարձից ստացվող նրա ընդհանուր եկամուտն է, 5 մլն 340,000.00 դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, 18 մլն դրամը՝ գույքն օտարելուց ստացված եկամուտը, իսկ 1.5 մլն դրամ էլ նախարարը ստացել է վարձակալության դիմաց կամ այլ հատուցմամբ։
Նախարարի 18 մլն դրամը գոյացել է պաշտոնը ստանձնելու պահին՝ 2016 թվականին իր ունեցած «Toyota Land Cruiser 200 4.0» մակնիշի մեքենայի վաճառքից։
Նկատենք, որ 2016-ի հոկտեմբերին նախարար Ռոստոմյանը հայտարարագրել է ընդամենը 3.2 մլն դրամ եկամուտ։ Իսկ նա նախարարի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին։