Հայաստանում սեպտեմբերից չինարենի մասնագիտացված դպրոց կգործի
19/02/2018 12:54

Հայաստանում սեպտեմբերից չինարենի մասնագիտացված դպրոց կգործի

2018 թվականի սեպտեմբերի ուսումնական տարուց Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոց է գործելու։ Ներկայումս դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Դա իրականացվում է հատուկ ծրագրով, և չինական կողմը կատարել է շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին», - տեղեկացրեց Մկրտչյանը։

Նախարարը հստակեցրեց, որ դպրոցը սովորական հայկական դպրոց է լինելու, սակայն չինարենը երեխաները կանցնեն 5-րդ դասարանից։ 

«Դպրոցը պարզապես խորացված չինարեն է ուսուցանելու։ Չինական կողմը, բացի այդ օգնությունից, կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -հավելեց պաշտոնյան։